Եվրոպական Միությունը դիտարկում է SWIFT միջազգային վճարային համակարգից ավելի քան 20 ռուսաստանյան բանկեր անջատելու, ինչպես նաև ռուսաստանյան նավթի գնային շեմի իջեցման և «Հյուսիսային հոսք» գազատարների արգելքի հնարավորությունը: Պատժամիջոցների նոր փաթեթն ուղղված է Մոսկվայի վրա ճնշումն ուժեղացնելուն՝ ՈՒկրաինայի դեմ պատերազմը դադարեցնելու նպատակով։ ԵՄ պատժամիջոցները պահանջում են բոլոր անդամ պետությունների աջակցությունը և կարող են փոփոխվել, նախքան դրանք պաշտոնապես կառաջարկվեն և կընդունվեն։               
 

Վերաքննիչը նույնպես «գտավ», որ եզդի հովվի ոտքը կոտրել են սատկած ոչխարները, ոչ թե մերսեդեսի վարորդը

Վերաքննիչը նույնպես  «գտավ», որ  եզդի հովվի ոտքը կոտրել են սատկած ոչխարները, ոչ թե մերսեդեսի վարորդը
10.09.2013 | 11:31

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2013 թ. հուլիսի 3-ի որոշման օրինականությունը և հիմնավորվածությունը ստուգելու համար բողոք ենք ներկայացրել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան: Հավատացած լինելով, որ վերջապես կվերականգնվի արդարությունը, բայց…
Վերաքննիչ դատարանը, դատավոր Մ. Ռեհանյանի նախագահությամբ, առանց ստուգելու և պատճառաբանելու մեր նշած դատավարական իրավունքի խախտումները, որոնք ազդել են գործի ելքի վրա, ինչպես նաև Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2013թ. հուլիսի 3-ի որոշման օրինականությունը և հիմնավորվածությունը, 15.08.2013 թ. որոշել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 3.07.2013 թ. որոշումը թողնել անփոփոխ, իսկ բերված վերաքննիչ բողոքը մերժել:
Կարծում եմ, որ վերաքննիչ դատարանը գործի քննության արդյունքներով չի կայացրել որոշումը։ Այսպես, վերաքննիչ բողոքում մենք խնդրել էինք ստուգել և պարզել, թե ինչո՞ւ է նախաքննական մարմինը թաքցրել Ի. Մամոյանի բազմաբեկորային մարմնական վնասվածքը, ինչո՞ւ է ճանապարհի լայնությունը արձանագրել 8 մ 43 սմ, երբ իրականում ճանապարհի լայնությունը 8 մ է: Ինչո՞ւ դեպքի վայրում չի արձանագրել ոչ արգելակման հետքը, ոչ անվադողի հետքը, ոչ սկզբնական հարվածի տեղը, ոչ էլ այլ հետքեր: Ինչո՞ւ է փորձագետին ելակետային տվյալ տրվել, որ մերսեդեսի լապտերները լուսավորում են 5-6 մետր, երբ իրականում լուսավորում են մոտ 40-50 մ: Ինչու է փորձագետին սխալ ելակետային տվյալ տվել, և չի նշվել, որ սկզբնական հարվածը տեղի է ունեցել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի հանդիպակաց գոտում: Իսկ մենք գիտենք՝ ինչու… Դատաքննության ընթացքում միջնորդեցինք, որ դատական նիստին հրավիրվի դատաբժշկական փորձագետը, որ պարզենք` արդյո՞ք Ի. Մամոյանի մարմնական վնասվածքներն առաջացել են ոչխարի հարվածի պատճառով, թե շարժվող տրանսպորտի որևէ մասի հարվածի հետևանքով, որը, չգիտես ինչու, մերժվեց դատարանի կողմից: Դատարանը դատաավտոտեխնիկական փորձագետին նույնպես չհրավիրեց և չպարզեց՝ «Մերսեդես» մակնիշի լապտերները լուսավորում են 5-6, թե՞ 40-50 մետր: Դատարանը մերժեց մի շարք այլ հարցեր, որոնք պետք է ստուգվեին դատաքննության ընթացքում: Նույնիսկ չպարզեց, թե ինչպես թարգմանչի փոխարեն քննիչը քննության էր հրավիրել մեկ ընթերակայի:
Վերաքննիչ դատարանն առանց ստուգելու նախաքննական և դատական մարմինների սխալները, դատավարական իրավունքի խախտումները, որոնք ազդել էին գործի ելքի վրա, առանց հետազոտելու այն ապացույցները, որոնցով հիմնավորել էինք մեր պահանջները, առանց ստուգելու՝ առաջին ատյանի դատարանի հետևությունները համապատասխանո՞ւմ են գործի հանգամանքներին, թե՞ ոչ, որոշեց բողոքը մերժել, ինչը, համոզված եմ, օրինական ու հիմնավոր չէ: Վերաքննիչ դատարանը մեր ոչ մի հարցին չպատասխանեց, ոչ մի միջնորդություն չքննարկեց առանց հաշվի առնելու իրականը, ճիշտը և արդարացին: Հաշվի չառավ, որ ապացույցը հավաստի է, եթե այն հաստատվում է քրեական գործով կամ նյութերով ձեռք բերված այլ ապացույցներով, և ապացույցը հավաստի չէ, եթե այն հերքվում է գործով ձեռք բերված այլ ապացույցներով, իսկ կոնկրետ այս դեպքում որոշումը չէր բխում նյութերից, իսկ դատավորը ինչպես գնահատեց, ինչ ներքին համոզմունքից ելնելով, այդպես էլ մեզ անհայտ մնաց: Հավատացեք, մեզ համար հիմնական մտահոգությունը, եթե կարելի է ասել, սարսափելին, այն է, որ այս գործում հասարակական այնպիսի կատեգորիան, ինչպիսին ամոթն է, մթագնել է, կարծես գոյություն չունի, դա ամենամտահոգիչն է մեզ համար: Հարգարժան դատավորն ընդամենը պետք է դատական նիստին հրավիրեր դատաբժշկին և հարց տար` Ի. Մամոյանի մարմնական վնասվածքներն առաջացել են ոչխարի հարվածի՞ց, թե՞ շարժվող տրանսպորտի որևէ մասի հարվածից, կամ դատաավտոտեխնիկին հարց տար, թե «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի լապտերները լուսավորում են 5-6 մ, ինչպես նշել է քննիչը, թե՞ 40-50 մ, ինչպես կա իրականում: Հետաքրքիրն այն է, որ մենք բողոքել էինք, որ դատավորը ստուգի քննիչի որոշման օրինականությունը և հիմնավորվածությունը, իսկ դատավորը առաջին դատաքննության ընթացքում նույնիսկ նյութերը չէր պահանջել, պահանջեց 2-րդ նիստի ժամանակ, որոնց ծանոթացավ դատաքննության ընթացքում, ինչն ուղղակի անհասկանալի է: Վերը նշված գործում մոռացվել են շատ բարոյական նորմեր։ Մարդիկ ասում են, «որ համ հովվի ոտքը կոտրեցին, համ ոչխարները, դրանից հետո էլ եկել մերսեդեսի վնասն են ուզում խեղճ հովվից», ահա թե ինչն է մտահոգիչը, ցավալին, որը հարիր չէ մեր հասարակությանը, մեր ընդհանուր տանը: Սթափվեք, հարգարժան իրավապահներ, թեկուզ ուշացումով, բայց վերացրեք այդ «չարաբաստիկ» անարդարացի որոշումը: Հասարակությունը չի հանդուրժում նման անարդարությունը:
ՀՀ նախագահ Ս. Սարգսյանն իր նախընտրական ծրագրում գրում է, թե արդար պետություն նշանակում է քաղաքացիների հետ կարևոր հարցերը քննարկելու և արդարացի որոշումներ ընդունելու կարողություն: Իսկ արդարությունը հենվում է իրավունքի գերակայության, մարդուն որպես բարձրագույն արժեք ճանաչելու գաղափարի վրա` դրանից բխող հետևանքներով: Այս առումով շարունակելու ենք հիմնավոր արմատական բարեփոխումների իրականացում, որոնք կապահովեն արդարադատության մատչելիությունը: Մեր պետության կողմից արվում է ամեն ինչ, որ դատարաններն իսկապես պաշտպանեն քաղաքացիների իրավունքները, դառնան այդ ուղղությամբ մյուս մարմինների գործողությունների խթանիչ: Մնում է, որ բոլորս բարեխղճորեն և պատշաճ կատարենք մեր պարտականությունները և արժանի լինենք մեր կոչմանը:
Հավատացեք, մեր արձագանքն արդարացի է, և ինձ թվում է` ժամանակն է, որ, այսպես ասած, «կարմիր գիծն» անցած իրավապահները կանգ առնեն և վերջ տան այս անարդարությանը: Վերջին շրջանում Հայաստանում մի տեսակ մոդայիկ են դարձել սպառնալիքները` լուծեք հարցը, թե չէ կարտագաղթենք։ Ո՛չ, մենք չենք արտագաղթի, մեր «թթվածինը» Հայաստանում է, մենք չենք հեռանա մեր երկրից: Մեր պահանջն արդարացի է, և հավատացած ենք, որ արդարությունը կվերականգնվի մեր հասարակության օգնությամբ: Նույնիսկ այս պահին կան կասկածողներ, բայց մի բան պարզ է. արդարությունը կվերականգնվի: Եվ այն կվերականգնի ՀՀ վճռաբեկ դատարանը:


Ամո ՇԱՐՈՅԱՆ
«Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի նախագահ

Դիտվել է՝ 1196

Մեկնաբանություններ